Թուրքական Aksam պարբերականը երկուշաբթի առաջին էջում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարն է հրապարակել՝ Ադոլֆ Հիտլերի կերպարով: Հրապարակումը գրավել է գերմանական Der Spiegel-ի ուշադրությունը:
Կանցլերը պատկերված է Երրորդ Ռեյխի առաջնորդի բեղերով՝ նացիստական ողջույնի նման պարզած ձեռքով: Der Spiegel-ը նշում է, որ Aksam-ը կառավարամետ թուրքական պարբերականների թվին է պատկանում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ պարբերականն այսպես է արձագանքել Գերմանիայի դատարանի որոշմանը, որն արգելել է կիրակի Քյոլնում կայացած ցույցի ժամանակ, որին շուրջ 20 հազար մարդ է մասնակցել, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը:
Թուրքական այլ պարբերականներ նույնպես Բեռլինի հասցեին կտրուկ քննադատությամբ նյութեր են հրապարակել: Մասնավորապես, Yeni Akit-ի հոդվածը վերնագրվել է այսպես. «Գերմանիան ոչ թե բարեկամ, այլ թշնամի է»:




























