Ժամանակակից զինված հակամարտությունների հիմնական զոհերը շարունակում են մնալ երեխաները: Նրանց սպանում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում, զինված խմբերին անդամագրում, զրկում սովորելու ու բուժվելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամամանակ, որը նվիրված էր զինված հակամարտությունների պայմաններում երեխաների պաշտպանությանը: ՄԱԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ է արել երեխաներին պաշտպանել պատերազմի սարսափներից:

«Եթե ուզում եք պահպանել ձեր հեղինակությունը, անհրաժեշտ է ապահովել երեխաների պաշտպանությունը»,- ասել է Բան Կի Մունը՝ ներկայացնելով իր զեկույցը ՄԱԿ-ի ԱԽ-ին: Զեկույցին կցված է եղել նաեւ այն կողմերի ցանկը, որոնք մասնակցություն ունեն հակամարտության պայմաններում երեխաների իրավունքերի խախտմանը:

Այդ ցանկում նաեւ Սաուդյան Արաբիան էր, որի իշխանությունները պահանջել են իրենց երկիրը հանել ցանկից: ՄԱԿ-ի ղեկավարը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան վստահեցրել է, որ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները Եմենում միջազգային կոալիցիայի գործողության ընթացքում քաղաքացիական անձանց պաշտպանությոունը ապահովելու համար: Ընդ որում նա շեշտել է, որ իր զեկույցի բովանդակությունը չի փոխվի ու հիշեցրել,որ միջազգային համայնքի հիմնական խնդիրն է պաշտպանել երեխաներին, որոնք վտանգավոր իրավիճակում են հայտնվել:

«Գլոբալ լանդշաֆտը անվտանգության ոլորտում փոխվում է...Սակայն տխուր իրականությունը նույնն է մնում՝ պատերազմների համար առաջին հերթին երեխաներն են հատուցում»,- ասել է նա: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է երեխաների տառապանքների մասին Իրաքում, Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում, Սիրիայում ու Եմենում: Բան Կի Մունը նշել է, որ Սիրիայում հազարավոր երեխաներ են սպանվել: Միլիոնավոր մանուկ սիրիացիներ էլ վնասվածքներ են ստացել: