Բացահայտումը, որ ռուսական հատուկ ծառայությունները կոտրել են Հիլարի Քլինթոնի նախագահական շտաբի համակարգչային համակարգերը՝ ըստ երեւույթին, փորձելով ընտրություններում նրա դիրքերը թուլացնել հօգուտ Դոնալդ Թրամփի, կարող է դավադրության տեսություն թվալ, Politico-ում գրում է Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր, էստոնական հետախուզության նախկին ղեկավար Էրիկ-Նիյլես Քրոսը: Մինչդեռ իրականությունն առավել տագնապահարույց է:
Ռուսաստանի գործողությունները գաղտնի դավադրության բաղկացուցիչ չեն, այլ բացահայտ հայտարարված հայեցակարգի տարրեր, որը ենթադրում է խորհրդային ոճով քաղաքական պատերազմի հարություն: Դրա ընթացքում հատուկ ծառայությունները ջանում են խորացնել իրենց հակառակորդների միջեւ պառակտումը, թուլացնել արեւմտյան ճակատը՝ որտեղ հնարավոր է սերմանելով անհաձայնություն եւ այլախոհություն:
Սառը պատերազմի ժամանակների քաղաքական պատերազմը վերադարձել է՝ թարմացված տեսքով, ավելի վտանգավոր եւ ժամանակակից գործիքներով՝ ներառյալ պետական վիթխարի կայսրությունը, որը հաղորդակցվում է տարբեր լեզուներով, հաքերներով, լրտեսներով, գործակալներով, պիտանի ապուշներով, հայրենակիցների խմբերով եւ համացանցային տրոլների հորդաներով, պնդում է հեղինակը:
Այդ հարձակումների թիրախում է ոչ միայն Քլինթոնը: Մոսկվան, իհարկե, այնքան էլ շահագրգռված չէ Թրամփին աջակցելու հարցում (որքան էլ հաճելի ու պիտանի ապուշ լինի): Ռուսները նշանառության տակ են առել հենց ամերիկյան հասարակության ժողովրդավարական հյուսվածքները եւ արեւմտյան ազատական արժեքային համակարգի ամբողջականությունը:
«Ռուսաստանը, փաստորեն, հենց մեր դեմ է օգտագործում մեր ժողովրդավարությունն ու օրենքի գերակայության մեր համակարգերը: Այդ մեթոդը գործում է ինչպես համակարգչային վիրուս: Նրանք իրար հետ վարկանիշի եւ գովազդային շահույթի համար մրցակցող մեր լրատվամիջոցներ են նետում սուտը, բամբասանքը, կեղծը, մասնավոր զրույցի ապօրինի ճանապարհով ձեռք գցած ձայնագրությունը, վարկաբեկիչ ինչ-որ բան, իսկ հետո արդեն ինքներս ենք ներսից մեզ պատառոտում», նշված է հոդվածում:
Քաղաքական հուզումներ սադրող մեծ արդյունավետություն ունեցող այդ փորձերը երկու ընդհանուր թել են կապում, շարունակում է Քրոսը: Առաջին՝ նրանք արեւմտյան երկրներին եւ առաջնորդներին խփում են նրանց ներսում եւ նրանց միջեւ տարաձայնություն ստեղծելու համար: Երկրորդ՝ Արեւմուտքն այդ գործողությունների զոհերին պաշտպանելու եւ մեղավորներին բացահայտելու հարցում դանդաղում է: Եվ այդ ամենի թիկունքին հաճախ կանգնած է Ռուսաստանը, ենթադրում է հեղինակը:
Ռուսական երկու պատերազմներից հետո այն երկրների դեմ, որոնք հույս ունեին մաս կազմել Արեւմուտքին, Արեւմուտքը փորձում է ռուսական ագրեսիան զսպելու ուղղությամբ առաջին զգուշավոր քայլերը կատարել: Սակայն զսպումը բավարար չէ, եւ այժմ տեսնում ենք՝ ինչու. պուտինյան պատերազմն արագորեն հարվածեց ամերիկյան ժողովրդավարության կենտրոնին: Միացյալ Նահանգների առավելությունն է ռուսական ճակատից հեռու գտնվելը: Ցավոք, տեղեկատվական պատերազմը աշխարհագրության հետ որեւէ առնչություն չունի, այնպես որ՝ Ամերիկա, բարի գալուստ պատերազմի դաշտ, եզրափակում է Քրոսը:
Politico. Սառը պատերազմի ժամանակների քաղաքական պատերազմը թարմացված է վերադարձել

Հասանելի է
русский


























