Հարկ է, որ Եվրամիությունը մտածի փախստականների հարցով Թուրքիայի հետ գործարքի այլընտրանքի մասին: Der Spiegel-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

«Մենք չենք կարող թուլանալ եւ հուսալ, որ Թուրքիայի հետ գործարքը կպահպանվի: Մենք չպետք է Անկարայի առջեւ խոնարհվենք, բայց պետք է պաշտպանենք մեր  հիմնարար արժեքները»,- ասել է Սեբաստիան Կուրցը:

Նրա կարծիքով՝ ԵՄ-ը նախեւառաջ «սահմանների եւ մերձափնյա արդյունավետ պահպանության» կարիք ունի: ԵՄ արտաքին սահմաններին ձերբակալված միգրանտներին ամհրաժեշտ է ուղարկել «կղզիների վրա ստեղծված կենտրոններ», այնուհետեւ արտաքսել իրենց հայրենի երկրներ կամ տարանցման համար անվտանգ պետություններ, կարծում է ավստրիացի նախարարը:

Միեւնույն ժամանակ Կուրցը նշել է, որ Եվրոպան կարող է օրինականորեն ընդունել փախստականների սահմանափակ քանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մարտի կեսին ԵՄ-ը եւ Թուրքիան համաձայնագիր են կնքել Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը կարգավորելու համար: Բրյուսելն Անկարային խոստացել է 6 մլրդ եվրո տրամադրել, ամռանը վիզային ռեժիմի չեղարկում եւ միությանն անդամակցության բանակցությունների նոր գլխի բացում Թուրքիայից Եվրոպա փախստականների հոսքի կրճատման դիմաց:

Ապրիլի 4-ից, համաձայնագրի համաձայն, Թուրքիայի տարածքից հունական կղզիներ ապօրինի ժամանած բոլոր միգրանտները ետ են ուղարկվել Թուրքիա: ԵՄ-ն ուղղակիորեն Թուրքիայի տարածքից ընդունում է այն  փախստականներին, որոնք անցել են Թուրքիայի միգրացիոն ծառայության ստուգում, օրինական կարգավիճակ են ստացել եւ փաստաթղթերի համապատասխան փաթեթ ունեն: Ապօրինի փախստականների փոխանակումը փախստականի կարգավիճակ ունեցողների հետ կատարվում է «մեկը մեկի հետ» սկզբունքով: