Չենստոհովայի շրջանային դատախազությունը Ռուսաստանից օդաչուին մեղադրանք է ներկայացրել Օդային օրենսգրքի խախտման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Դատախազության հայտարարության համաձայն, օդաչուն խախտել է Չենստոհովայի շրջանում թռիչքների սահմանափակման գոտին եւ թռիչքի պահանջված պլանը չի ներկայացրել:  Բացի այդ, հաղորդագրության մեջ ասված է, որ օդաչուն  Լեհաստանի պետական սահմանը հատել է առանց թույլտվության, որը պահանջվում է  «նկատի ունենալով սահմանին վերականգնված ժամանակավոր վերահսկողությունը», որը Լեհաստանի կողմից ներդրվել է այս ամռանը:

Ռուսաստանցի օդաչուն, ցուցմունք տալով փաստաբանի ներկայությամբ, իրեն մեղավոր չի ճանաչել, բայց հայտնել է, որ տեղեկացված է, որ ինքը խախտել է Օդային օրենսգրքի կանոնները: Նա նաեւ տուգանք վճարելու պատրաստակամություն է հայտնել: 

Ներկայացված մեղադրանքի համաձայն, նրան մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Լեհական Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Բարտոլոմեյ Միշչեւիչը ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի   29-ին ռուսաստանյան թեթեւաշարժիչ ինքնաթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը: Նրա խոսքով, լեհական    F-16 կործանիչները գրավել են առանց պահանջված թույլտվության արգելված գոտում գտնվող ինքնաթիռը եւ նրան ստիպել են վայրէջք կատարել, օդաչուն հետեւել է հրահանգներին, ձերբակալվել է ոստիկանության կողմից եւ բաց է թողնվել ստուգումից հետո: