ՄԱԿ՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը Մալդիվների իշխանություններին կոչ է արել պահպանել մահապատժի մորատորիումը։
1954-ից սկսած՝ կղզի–պետությունում մահապատիժը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ։ Սակայն անցյալ տարվա նոյեմբերին երկրի Գերագույն դատարանը նախագահին զրկել էր այդ լիազորություններից այն դեպքերում, եթե զոհերի հարազատները պահանջում են հանցագործի մահապատիժը։ Ավելին՝ հունիսին իշխանությունները թույլատրել էին մահապատիժ իրականացնել մահաբեր ներարկումների եւ կախաղանի միջոցով։
«Ինչպես նշել է Գերագույն հանձնակատարը, մահապատիժը հանցագործության դեմ պայքարի արդյունավետ մեթոդ չէ։ Վրեժխնդրությունը չպետք է փոխարինի արդարադատությանը, իսկ մահապատիժն ընդամենը վրեժխնդրություն է։ ՄԱԿ Գերագույն հանձնակատարը հիշեցնում է, որ այս պահին Մալդիվներում 17 մարդ սպասում է մահապատժի։ Այս գործերից մի քանիսը նրա մոտ լուրջ մտահոգություն են առաջ բերել»,– ասել է ՄԱԿ՝ Մարդու իրավունքների հարցերով վարչության մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին։





























