Ադրբեջանի հաշվին ռուսական գազից ունեցած կախվածությունը նվազեցնելու Երամիության պլանները սպառնալիքի տակ են հայտնվել Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների ջերմացման ֆոնին, գրում է The Wall Street Journal–ը։

Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են վերականգնել երկրները կապող գազատարներով աշխատանքները, ինչը կարող է ի չիք դարձնել ռուսական գազից ունեցած կախվածությունը Ադրբեջանից մատակարարումների հաշվին պակասեցելու ԵՄ ջանքերը։

Թերթը  նշում է, որ Պուտինն ու Էրդողանը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ հասկացնել են տվել, որ «Թուրքական հոսք»  գազատարի կառուցման հնարավորությունը նորից հայտնվել է։ «Դա հարված կլինի Ադրբեջանի համար։ Նախագահ Իլհամ Ալիւեը հայտարարել էր, որ կցանկանար իր երկիրը գազի խոշոր արտահանող դարձնել»։

Պարբերականը նշում է, որ նախկինում Ադրբեջանի եւ Եվրամիության պաշտոնական անձինք խոսում էին Հարավային գազային միջանցքի մասին։ Այդ խողովակաշարը նախատեսված էր Ադրբեջանից «կապույտ վառելիքը» Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով Իտալիա հասցնելու համար։

Հոդվածում նշվում է, որ Հարավային գազային  միջանցքի շինարարությունն արդեն ընթանում է, եւ ակնկալվում է, որ բնական գազի առաջին մատակարարումները Եվրոպա կլինեն արդեն 2019-ի վերջին։