Ավստրալիայի պատմության մեջ առաջին առցանց մարդահամարը ժամանակից շուտ դադարեցվել է սերվերների գերբեռնման հետեւանքով: Մարդահամարի համար պատասխանատու նախարար Մայքլ Մակկորմակը հայտնել է, որ դա   DdoS հարձակման հետեւանք էր, որն իրականացրել են օտարերկրյա ցանցահենները, հայտնում է  BBC-ն: 

Իշխանությունները հայտնում են, որ այն ավստրալացիների անձնական տվյալները, որոնք հասցրել էին ինտերնետում լրացնել հարցաթերթիկները, ապահով պահվում են: Սերվերների խափանման պատճառով մարդահամար անցնելու հնարավորությունից զրկվել է երկրի ընդամենը մի քանի միլիոն բնակիչ: 

Ամեն հինգ տարին մեկ ավստրալական վիճակագրության բյուրոն բնակչության մարդահամար է անցկացնում: Դրա ընթացքում բոլոր քաղաքացիները պետք է հարցաթերթիկներ լրացնեն` իրենց մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելով:  Այս տարի կառավարությունն առաջին անգամ ինտերնետում մարդահամար անցնելու հնարավորություն է ստեղծել:   

Մարդահամարին նախորդել է լայնածավալ տեղեկատվական արշավը, որը մեծ լսարան է  ներգրավել: Այն պահից, ինչ վիճակագրության բյուրոյի սերվերները դադարել են աշխատել, ինտերնետի ավստրալական սեգմենտում ժողովրդականություն է ձեռք բերում  #CensusFail («Մարդահամարը տապալվել է») հեշթեգը: