Հնդկաստանում փոստային գնացքի հանդուգն թալան է տեղի ունեցել: Թալանչիների ավազակախումբը անցք է բացել վագոններից մեկի տանիքին եւ ավելի քան 750 000 դոլարի կանխիկ գումար է գողացել: Ընդ որում, գողությունը հայտնաբերել են այն ժամանակ միայն, երբ գնացքը հասել է նպատակակետին:
AFP-ն հայտնում է, որ Հնդկաստանի ոստիկանությունը կարծում է, որ 6-8 մարդուց կազմված ավազակախումբ է գործել: Գնացքը Հնդկաստանի ԿԲ-ին պատկանող մոտ 51 մլն դոլար էր տանում: Միաժամանակ, անմիջապես այն վագոնի կողքին, որի տանիքը ծակել էին հանցագործները, զինված հսկիչներ են եղել: Նշենք, որ թղթադրամները տեղափոխվում էին ուտիլիզացիայի համար, այնուամենայնիվ, դրանք դեռեւս շրջանառության մեջ են եւ հնարավոր է դրանք օգտագործել:




























