Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորումը (DIHK) մտավախություն ունի, որ պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար կազդեն այդ երկիր գերմանական արտահանման վրա, հայտնում է DW-ն:
Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորման արտաքին տնտեսական բաժանմունքի ղեկավար Ֆոլկեր Թրայերը հայտնել է, որ DIHK-ն հույս ուներ այս տարի 5-10 տոկոսով ավելացնել Թուրքիա արտահանման ծավալը: «Սակայն հիասթափություն եղավ, եւ այժմ մենք լավագույն դեպքում արտահանման ծավալների պահպանման հույս ունենք»:
2015-ին Գերմանիան Թուրքիային 22,4 մլրդ եվրոյի ապրանքներ եւ ծառայություններ է տրամադրել: Թրայերի խոսքով, ինքը հաջողություն կհամարի, եթե այս գումարը պահպանվի 2016 թվականին: «Ներկայումս Թուրքիայում ահաբեկչական հարձակումների եւ քաղաքական անկայունության վտանգը գերմանացի գործարարների մոտ անվստահություն է առաջացնում: Նախագծեր են սառեցվում, մի շարք ֆիրմաներ առայժմ սպասում են, գերմանական կապիտալը դուրս է գալիս թուրքական շուկայից», - բողոքում է Թրայերը:
Թուրքիան Գերմանիայից ավտոմեքենաների եւ պահեստամասերի խոշորագույն գնորդներից է, թուրքական շուկայում մեծ պահանջարկ է վայելում գերմանական մեքենաշինական, քիմիական եւ տեքստիլ արդյունաբերության արտադրանքը:





























