Հայտնի է, որ փոքր եւ միջին բիզնեսը (ՓՄԲ), բացի զուտ տնտեսական նշանակությունից, նպաստում է միջին դասի ամրապնդմանը, ինչպես նաեւ հանգեցնում է խոշոր կապիտալից հանրության մի հատվածի անկախությանը: Այսինքն՝ երկրի ժողովրդավարացման նախադրյալներ է ստեղծում:
Ինչպիսի՞ն են արդյունաբերության ոլորտում ՓՄԲ գծով մեր հաջողությունները: Ընթացիկ տարվանից պաշտոնական վիճակագրությունն անցել է արդյունաբերական ձեռնարկությունների դասակարգման նոր (եվրոպական) համակարգի: Նշենք, սակայն, որ անձնակազմի թվից բացի, զարգացած երկրներում ձեռնարկությունները որակավորելիս ուշադրություն է դարձվում նաեւ այլ չափանիշների (օրինակ՝ տարեկան շրջանառությանը): Աղյուսակում ներկայացված են ձեռնարկությունների որակավորման մեր չափանիշները՝ ըստ անձնակազմի թվաքանակի:

Հուրախություն ՓՄԲ հսկողություն իրականացնող պաշտոնյաների՝ նոր որակավորման անցումն արդյունաբերական ձեռնարկությունների կառուցվածքում տեղաշարժերի է հանգեցրել: Նախ նշենք, որ մեկ տարվա ընթացքում մոնիտորինգի ենթարկված արդյունաբերական ձեռնարկությունների թիվն աճել է 164 միավորով: Ենթադրվում է, որ դրանք խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ չեն: Եվ այսպես՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում ՓՄԲ ձեռնարկությունների թիվն աճել է 209 միավորով (ներառյալ վերեւում նշված 164 ձեռնարկությունները), իսկ խոշորների թիվը կրճատվել է 45 միավորով:
Սակայն, օրինակ, միկրոձեռնարկությունների խմբում ցուցանիշները վատացել են: Այսպես՝ հունվար-հունիսին արտադրողականության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 3,5 տոկոսով: Նշենք, որ միկրոձեռնարկությունները հայրենական արդյունաբերության մեջ քանակով բացարձակ առաջատար են: Ներկայումս նոր ներկայացուցիչների երեւան գալուց հետո ընդհանուր ցուցանիշում դրանց տեսակարար կշիռն աճել է մոտ մինչեւ 71 տոկոս: Իսկ ահա անձնակազմի ընդհանուր թվաքանակում միկրոձեռնարկությունների բաժինն անհամաչափ փոքր է՝ 8 տոկոսից քիչ ավելի:
Դա հասկանալի է: Չէ՞ որ մեկ միկրոձեռնարկության անձնակազմի միջին թվաքանակը կիսամյակային հաշվետվության մեջ կազմել է 4 մարդուց պակաս: Այսինքն՝ ավելի շուտ մոտ է եղել զրոյին, քան վերին նիշին՝ 9 մարդ:
Համեմատության համար. ըստ խոշոր օբյեկտների (միջին խումբ ձեռնարկությունների մի մասի անցնելուց հետո) նույն ցուցանիշն աճել է մինչեւ 721 մարդ:
Սմբատ Գրիգորյան




























