Երկու ամսվա ընթացքում պանդաների տասներեքերորդ զույգն է լույս աշխարհ եկել Չինաստանում
Վերջին երկու ամսվա ընթացքում երկվորյակ պանդաների տասներեքերորդ զույգն է ծնվել Չինաստանում: Չենդու քաղաքում հսկայական պանդաների բազմացման կենտրոնի աշխատակիցները հայտնել են, որ օգոստոսի 12-ին տեղական ժամանակով 12.30-ին 179 գ կշռող արու եւ 89 գ կշռող էգ է լույս աշխարհ եկել: Նրանց ծնել է Յասին անունով պանդան, որը 2014-ին արդեն դարձել է երկվորյակ պանդաների մայրիկ:
Սա երկվորյակ պանդաների արդեն իններորդ զույգն է, որը ծնվել է Չենդուի հսկայական պանդաների բազմացման կենտրոնում եւ տասներեքերորդն է ամբողջ Չինաստանում: Երկվորյակ պանդաների առաջին զույգը Չենդուի կենտրոնում ծնվել է հունիսի 20-ին:
Օգոստոսի 11-ին այդ նույն կենտրոնում Ցյաո Ցյաո անունով պանդան երկվորյակ է ծննդաբերել: Ձագերից մեկը 180,7 գ կշռող էգ է, երկրորդ նորածին պանդայի սեռը դեռ չեն որոշել:
Սինհուա գործակալության տվյալներով, 2015-ի վերջին Չինաստանում վայրի բնության գրկում 1864 պանդա կար: Անցյալ տարի արգելոցներում պանդայի 43 ձագ է ծնվել , որոնցից 14-ը երկվորյակ զույգեր էին:





























