Ուժեղ սեռի ներկայացուցիչները, որոնք ավելի թշնամաբար են վերաբերվում շրջապատին, ավելի արագ են քաշ հավաքում, քան նրանց բարեհոգի տարեկիցները, պարզել են ֆրանսիացի գիտնականները, հայտնում է   Mignews-ը:

Դոկտոր Գերման Նավին Hopital Paul Brousse-ից եւ նրա գործընկերները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ տղամարդկանց մոտ թշնամական բնավորությունն ազդում է հետագա 20 տարում նրանց մարմնի զանգվածի ինդեքսի ավելացման վրա:  

Գիտնականները վերլուծել են 6484 տղամարդու եւ կնոջ տվյալներ, որոնք մասնակցել էին Մեծ Բրիտանիայում սոցիալ-տնտեսական կարգավիճակի եւ առողջության հետազոտությանը: Հիվանդների տարիքը հետազոտության սկզբում  35-ից 55  է եղել:

Հետազոտության սկզբում նրանց թշնամությունը գնահատվել է ստանդարտ սանդղակով, մինչդեռ մարմնի զանգվածի ինդեքսը 19 տարվա ընթացքում չափել են 4 անգամ: Հետազոտության սկզբում թշնամական տղամարդկանց եւ կանանց մոտ մարմնի զանգվածը մի քիչ մեծ էր եղել: Մի քանի տարուց ինդեքսը մեծանում էր: 

Ընդ որում, կանանց մոտ մարմնի զանգվածի ինդեքսի եւ թշնամականության հարաբերակցությունը կայուն էր մնում, մինչդեռ թշնամական տղամարդիկ ավելի մեծ քաշ էին հավաքում: Գիտնականները մի քանի հիպոթեզ են առաջ քաշում այն մասին, թե թշնամությունն ինչպես կարող է ազդել քաշի վրա: Օրինակ, թշնամական մարդիկ չեն հետեւում առողջ սննդի մասին խորհուրդներին, ֆիզկուլտուրայով չեն զբաղվում: 

Հնարավոր է նաեւ, որ նրանք ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից: Այլ հետազոտությունների համաձայն, թշնամական բնավորությունը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, զարկերակային բարձր ճնշման, ավելի բարձր մահացության: