Հետազոտության արդյունքում անսպասելի եզրակացություն են արել գերմանացի գիտնականները. արդեն երեք տարեկանում երեխաները կարողանում են ռազմավարորեն մտածել եւ հասկանում են, թե նրանք ում են ծառայություն մատուցել եւ ով է պարտք իրենց:  Համապատասխան արդյունքները ստացել են Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի համալսարանի աշխատակիցները, հայտնում է   The Daily Mail-ը:

Գերմանացի գիտնականների հետազոտությանը նախադպրոցական տարիքի` 3-ից 5 տարեկան 40 երեխա է մասնակցել: Փորձարկման ընթացքում յուրաքանչյուր փորձարկվողի վեցական կպչուն պիտակ են տվել: Հետո գիտնականները յուրաքանչյուր երեխայի առաջ երկուական խաղալիք կենդանի են դրել եւ առաջարկել են կենդանիներին բաժին հանել իրենց պիտակներից:  

Միաժամանակ երեխաների առաջ խնդիր են դրել խաղալիքների միջեւ անհավասար բաշխել պիտակները. մի խաղալիք գազանին նրանք կարող էին տալ   2 կամ 3 պիտակ, իսկ երկրորդին` մեկ կամ ոչինչ: Երեխաներից հետո խաղալիք կենդանիներին իրենց պիտակներից բաժին են հանել նաեւ մեծահասակները, որոնք դրանք այնպես են բաշխել, որ բոլոր կենդանիները պիտակների հավասար քանակություն ունենային:  Այսպիսով` հետագայում երեխաների ընկալման վրա չէր կարող ազդել մի կենդանու   «հարստությունը» մյուսի համեմատ, իսկ երեխաները որոշումներ կայացնելիս առաջնորդվում էին միայն իրենց հանդեպ կենդանիների  «պարտքով»:

Հետո հետազոտողները կենդանիների զույգերին տեղավորել են այլ գազանների մոտ, իսկ փոքրիկ փորձարկվողներին ասել են, որ խաղալիքներն իրենց հավաքածուներն ունեն` պիտակներ, փուչիկներ, գունազարդումներ եւ երեխաներին հետաքրքիր այլ բաներ:  Գիտնականները երեխաներին առաջարկել են գազաններից որեւէ մեկին խնդրել, որ իրենց տա իր խաղալիքներից: Արդյունքում բոլոր երեխաները (եւ երեք տարեկան, եւ` ավելի մեծ) բազմաթիվ խաղալիք կենդանիների միջեւ ընտրել են հենց այն կենդանիներին, որոնց նրանք ավելի շատ պիտակ էին տվել եւ հենց նրանց են դիմել իրենց բաժին հանելու խնդրանքով:   

Այսպիսով, փորձարկումը ցույց է տվել, որ արդեն երեք տարեկանում երեխաները հասկանում են, որ իրենք խաղալիքներին ծառայություն են մատուցել` բաժին հանելով իրենց պիտակներից, իսկ որոշում կայացնելիս առաջնորդվել են անցյալի փորձով` իրենց  առջեւ պարտքով: Դա ապացուցում է, որ արդեն նման վաղ հասակում տարբեր տարիքի երեխաների մոտ զարգացած է ռազմավարական մտածողությունը: