Խորհրդավոր քարե գնդերը, որոնք պարբերաբար հայտնաբերում են հնագետները օրինակ ժամանակակից ՉԺՀ տարածքում նախնադարյան մարդկանց կայանատեղիների պեղումների ժամանակ, կարող էին օգտագործվել որպես նետման լիցքեր որսի կամ պաշտպանության համար: Նման ենթադրություն են արել Միացյալ նահանգների հետազոտողները, հայտնում է Planet- today–ը:
«Մենք ենթադրում ենք, որ կլոր քարերը, որոնք մեծ քանակությամբ հայտնաբերվում են Չինաստանի տարածքում, նախնադարյան մարդկանց կողմից օգտագործվում էին որպես զենք: Օրինակ որսորդական կամ պաշտպանական նպատակներով: Որպես կանոն նման քարերը պարզապես ձեռքերով նետում էին թիրախի ուղղությամբ»,- ասում են Վայոմինգյան համալսարանի աշխատակիցները:
Ամերիկացի գիտնականների ենթադրությունն են հաստատում նաեւ քարերի հայտնաբերման վայրերում գտնված կենդանիների ոսկորները, որոնք վկայում են այն վնասվածքների մասին, որոնք հասցվել էին նման քարերի օգնությամբ: Հետազոտողները հատուկ փորձի օգնությամբ պարզել էին, որ փոքր քարե գունդը, գլխին դիպչելիս,, կարող էր զոհին ոչ միայն գիտակցությունից զրկել, այլեւ սպանել նրան:
Չինաստանում հայտնաբերվել են արդեն ավելի քան երկու հարյուր նման քարեր: Այսինքն հնագետները նշում են, որ նման զենքը հին ժամանակներում բավականին տարածված էր:





























