Մերի միլիարդատեր Դոնալդ Թրամփի լիահասակ արձանները, որոնք օգոստոսի 18-ին Indecline ՀԿ-ն տեղադրել էր ԱՄՆ հինգ խոշոր քաղաքներում, կարող են ցուցադրվել թանգարաններում: Այս մասին ասվում է տարբեր ոլորտների ստեղծագործական աշխատակիցների միավորող կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Մայամիի, Գերմանիայի, Արիզոնայի, Քալիֆորնիայի թանգարանները արդեն դիմել են Indecline–ին, որպեսզի փորձեն ստանալ Թրամփի արձանները՝ պատկերասրահներում ցուցադրելու համար»,- նշվում է փաստաթղթում: Indecline-ում չեն բացատրում, արդյոք խոսքն այն արձաննեի մասին է որոնք ցուցադրված են եղել հանրային վայրերում ու հետագայում ապամոնտաժվել են իշխանությունների կողմից, թե՞ դրանց կրկնօրինակների:

Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ ապագայում կարող են ցանկացողներին նման արձաններ վաճառել: Indecline –ը իր ամբողջ հասույթը ծրագրում է ծախսել բողոքի նոր ակցիաներ կազմակերպելու վրա՝ «այն վնասի դեմ, որը շրջակա միջավայրին ու սոցիալական ոլորտին հասցնում են ամերիկյան կառավարական հաստատություններն ու կոպորացիաները»:

Հինգ արձանները որոնց մասին խոսվում է, օգոստոսի 18-ին գրեթե միաժամանակ տեղադրվել են Նյու Յորքի, Լոս Անջելեսի ու Սան Ֆրանցիսկոյի, նաեւ Քլիվլենդի ու Սիեթլի մարդաշատ վայրերում: Դա գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը: Քանդակները պոլիմերային նյութերից ստեղծել էր Ginger կեղծանունով հայտնի քանդակագործը, որը մասնագիտանում է հրեշների պատկերներ ստեղծելու ոլորտում:

Indecline -ի ներկայացուցիչները հետագայում պարզաբանել են, որ դա արվել է որպես բողոքի նշան նախագահական ընտրություններին հանրապետականների թեկնածուի մասնակցության դեմ:

Բոլոր արձանները գրեթե անմիջապես ապամոնտաժվել են իշխանությունների կողմից: Նյու Յորքի ոստիկանությունը, մասնավորապես, նշել է, որ ապամոնտաժել է արձանը, քանի որ դրա տեղադրումը Մանհեթենի պուրակներից մեկում համաձայնեցված չի եղել համապատասխան կարգավորող մարմինների հետ: