Բյուջեի 2011 թվականի նախագիծը ոչնչով չի տարբերվում 2010-ի նախագծից՝ թե իր կառուցվածքով ու համամասնություններով, եւ թե նաեւ ամպագոռգոռ հայտարարություններով, որ առկա են բյուջետային ուղերձում։ Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ իրականում, 2011-ի բյուջեի նախագիծը ոչ մի ձեւով չի նպաստում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների լուծմանը։
«Ավելին, իմ անձնական գնահատումներով, այն ավելի է խորացնում մեր սոցիալ-տնտեսական կյանքի առջեւ կանգնած սպառնալիքները, իսկ Հայաստանի մրցունակությունը որեւէ ձեւով չի բարելավվում»,- կարծիք հայտնեց տնտեսագետ պատգամավորը:
«Բյուջետային ուղերձում ներկայացվում է, թե իբր կառավարությունն իրականացնում է արդյունաբերական կամ գյուղատնտեսական քաղաքականություն, սակայն որեւէ կոնկրետ ծրագիր, որը կհաստատի այդ քաղաքականության նպատակադրումը կամ ֆինանսավորումը, մենք բյուջեի փաթեթում չենք կարող գտնել։
Բյուջեում չի ապահովվում եկամուտների աճ՝ աշխատավարձերի, նպաստների կամ կենսաթոշակների տեսքով։ Պատկերն առավել ամբողջանում է, եթե հաշվի առնենք, որ ազգաբնակչությունը 2011 թ. ավելի քիչ ապահով է լինելու, քան 2010-ին կամ նույնիսկ 2009-ին»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանն ու հավելեց. «Այլկերպ՝ իրական եկամուտները շարունակում եմ անկում ապրել, չնայած նրան, որ մի քանի ոլորտներում փորձ է արվում ցույց տալ, թե աշխատավարձի աճ կա։ Մասնավորապես՝ մշակույթի ոլորտում։ Բայց դա հիմնականում պայմանավորված է նվազագույն աշխատավարձի ընդամենը 8 տոկոս աճով՝ ներկայիս 30 հազ. դրամի դիմաց հաջորդ տարի նախատեսվում է 32,5 հազ. դրամ, եւ դա, ըստ էության, տրանսֆորմացվում է այս ոլորտի աշխատավարձերում։ Սակայն արմատական քայլեր, որ գոնե եկամուտները հասցվեն կենսապահովման նվազագույն բյուջեի չափին, 2011 թ. պետական բյուջեի նախագծում բացակայում են»։





























