2011 թվականի պետական բյուջեից Ազգային Ժողովի կարիքների համար ձեռք կբերվի 3 մեքենա: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 19-ին բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Մեքենաներից երկուսը կլինեն միկրոավտոբուսներ եւ կծառայեն արտասահմանցի հյուրերին սպասարկելու համար: Խմբակցություններից մեկը եւս ծառայողական մեքենա կստանա, սակայն այդ խմբակցության անունը չհրապարակվեց:

Իսկ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի տեղեկացմամբ` ծառայողական մեքենաների թվաքանակը 2011 թ. էական փոփոխություն չի կրի, եւ «կպտտվի 970 թվի շուրջ»: Նրանց պահպանման ծախսերը մի փոքր ավելացվել են, կապված նրա հետ, որ բենզինի օրական չափաքանակը սահմանվել է 10 լիտր: Ըստ Պ. Սաֆարյանի` ճգնաժամի պատճառով բենզինի չափաքանակը իջեցվել էր մինչեւ 5 լիտր, սակայն փորձը ցույց է տվել, որ դա խիստ անբավարար է: «5 լիտր սահմանել, նշանակում է` ոչինչ չսահմանել: Կամ 10 լիտր, կամ ոչինչ»,- կառավարության տեսակետը այսպես ներկայացրեց ֆինանսների փոխնախարարը: