«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2010 թվականի զեկույցը, որտեղ Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցրել է 101-րդ տեղը: 2009-ին Հայաստանը 111-րդ տեղում էր:
Հարավային Կովկասի մյուս երկու երկրներից Վրաստանը 2009-ի համեմատ անկում է արձանագրել եւ հանգրվանել 99-րդ տեղում, իսկ Ադրբեջանի գործերն այս առումով շատ ավելի վատ են: Նա մամուլի ազատության ցանկում 152-րդ տեղում է: Ցանկում Ադրբեջանի հարեւաններն են Պակիստանը, Բելառուսն ու Ղրղըզստանը: Մեր մյուս հարեւան Թուրքիան եւս լուրջ անկում է արձանագրել, այս տարի հանգրվանելով 138-րդ տեղում:
Մամուլի ազատության տեսանկյունից առաջատար երկրները շարունակում են մնալ Հյուսիսային Եվրոպան ներկայացնող Ֆինլանդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան ու Շվեդիան։
Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, Եվրոպայում մամուլի ազատությունների նվազում է արձանագրվել: Մասնավորապես, մեծ նահանջ կամ ձախողում են արձանագրել Ուկրաինան, Հունաստանը, Ղրղըզստանն ու Ֆիլիպինները:
Ցանկի վերջին հորիզոնականներում են ասիական ու աֆրիկյան մի շարք երկրներ` Սուդանը, Սիրիան, Բիրման, Իրանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան։
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը Հայաստանի դիրքերի թեթեւակի բարելավումը բացատրել է նրանով, որ վերջին տարվա ընթացքում ավելի քիչ են եղել բռնությունները լրագրողների հանդեպ, քան նախորդ տարվա ընթացքում։
Նա «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նաեւ, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, հնարավոր է, հաշվի է առել նաեւ Հայաստանում կատարված օրենսդրական բարեփոխումը, որով ապաքրեականացվել է զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երկրների ցուցիչը որոշում է ավելի քան 40 չափորոշիչներ պարունակող հարցաշարով։ Աշխարհով մեկ դիտարկվում են մամուլի նկատմամբ ճնշումները, բռնությունները, յուրաքանչյուր երկրում լրագրողների եւ լրատվամիջոցների ազատության աստիճանը եւ կառավարությունների ջանքերը` մամուլի ազատությունը հարգելու եւ ապահովելու համար։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժյուլյարը զեկույցի նախաբանում նշել է, որ «մամուլի ազատության պաշտպանությունը շարունակում է պայքար մնալ»: «Հին Եվրոպայի ժողովրդավար երկրներում դա պայքար է զգոնության համար, իսկ դեռ աշխարհով մեկ փռված ամբողջատիրական ռեժիմներում այն պայքար է ճնշումների եւ անարդարությունների դեմ», - ընդգծել է Ժյուլյարը:





























