Մեր նպատակը այն է, որ հայկական մրցունակ արտադրանքը ներկայացված լինի արտերկրի խոշոր շուկաներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մանրամեծածախ առեւտրով զբաղվող METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ սա ռուսական խոշոր ընկերության ներկայացուցչի երկրորդ այցն է մեր երկիր: Առաջին անգամ Ա. Գրիգորեւը Հայաստան էր ժամանել մի քանի ամիս առաջ՝ ՀՀ ՏՄՊՊՀ հրավերով՝ հայ արտադրողների արտադրանքին ծանոթանալու եւ տեղական մատակարարների հետ պայմանագրեր կնքելու նպատակով:
Ալեքսեյ Գրիգորեւը ՀՀ Մրցակցային մարմնի նախագահին տեղեկացրել է, որ այսօր արդեն հայ արտադրողների հետ բանակցությունների արդյունքները առավել քան տեսանելի են եւ հավաստիացրել, որ դրական հիմքի վրա դրված համագործակցությունը շարունակական է լինելու:
«Մեր նպատակը այն է, որ հայկական արտադրանքը ներկայացված լինի արտերկրի խոշոր շուկաներում, այսօր իսկապես արտադրական եւ արտահանման մեծ պոտենցիալ ունենք, մեր շատ ապրանքներ կարող են մրցունակ լինել, մնում է միայն ձեզ հետ միասին վստահելի եւ երկարաժամկետ համագործակցության խնդիրը կարգավորել, ինչի հիմքը ուրախ եմ, որ արդեն իսկ դրվել է»,-իր խոսքում նշել է Արտակ Շաբոյանը՝ ընդգծելով, որ շուրջ մեկ տարի է, ինչ ԵՏՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկվում է եւ արդեն իսկ որոշակի իրավական հիմքի վրա է դրվել հայ գործարարների՝ մրցակցային հավասար պայմաններով գործունեության ապահովումը՝ ԵՏՄ անդամ երկրներում:




























