Կանադան պատրաստ է այնուհետ եւս իր դռները բաց պահել միգրանտների համար. հաջորդ տարի երկիրը մտադիր է շուրջ 300 հազար միգրանտի ընդունել: DW-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, փախստականների եւ քաղաքացիության հարցերի նախարար Ջոն ՄաքՔալումը:

Այս թիվը համապատասխանում է ընթացիկ տարվա ակնկալվող ցուցանիշին, սակայն պետք է փոխվի Կանադա ժամանող անձանց խմբերի հարաբերակցությունը: 2017 թվականին, ըստ նախարարի, ծրագրվում է ընդունել տնտեսական պատճառներով երկիր ժամանակ ավելի շատ միգրանտների (172.5 հազար) եւ ավելի քիչ փախստականների: 2016 թվականի 40 հազարի փոխարեն 2017 թվականին 16 հազար փախստականի կընդունեն:

ՄաքՔալումն ընդգծել է, որ տարեկան 300 հազար ցուցանիշը պետք է կողմնորոշիչ մեծություն լինի նաեւ հաջորդող տարիների համար: