Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում հանդիպեց Հարավարեւելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջեւ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրեց ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները:

Հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների ընկերակցության փոխգործակցության հնարավորությունը: Լե Լուոնգ Մինը այդ առումով նշեց, որ ԱՍԵԱՆ-ը հետաքրքրված է նման համագործակցությամբ, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընկերակցության կողմից: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց այդ ջանքերին: