Կիրառական գիտական հետազոտությունները երկրում պետք է բավարարեն տնտեսության պահանջարկը, սակայն Հայաստանի խնդիրն այն է, որ տնտեսությունը գիտական պատվեր չի տալիս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանը՝ մեկնաբանելով Կառավարության ծրագրի կետը, որը վերաբերում է գիտության ֆինանսավորումը հօգուտ կիրառական հետազոտությունների վերաբաշխմանը:

Նա նշեց, որ տնտեսության մեջ կիրառական մշակումների ներառումը տեղի է ունենում 2 ճանապարհով. երբ գիտական հետազոտություններն արվում են արտադրողների պատվերով, եւ երբ գիտնականներն իրենք են առաջարկում ինչ-որ մշակում, որը կարող է կիրառվել արտադրության մեջ: Հայաստանում այսօր գործում է միայն 2-րդ ուղին, եւ այն ավելի ժամանակատար է:

«Հայաստանի տնտեսության կառուցվածքը դեռեւս այնպիսին է, որ այն չի ձեւավորում պատվեր լուրջ գիտական հետազոտությունների համար: Մշակումների արագությունը կախված է կոնկրետ երկրի տնտեսության կառույցից: Մենք 2010-ից խոսում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսության մասին, եւ դրանք պարզապես բառեր չեն: Տնտեսության ներքին կառուցվածքը պետք է թելադրի դա:

Հաջողության են հասնում հենց նման երկրները»,- ասաց նա: Վարդան Սահակյանն օրինակ է բերել Հայաստանում ՏՏ ոլորտը, որը վերջին ժամանակներս լավ է զարգանում հենց պահանջարկի շնորհիվ:

Նա նաեւ հավելեց, որ պետության դերը նման պահանջարկ ձեւավորելու հարցում տնտեսվարող սուբյեկտներին խթանելն է, որոնք ներդրումներ են անում գիտության ոլորտում: Դա կարող է արտահայտվել հարկային եւ մաքսային արտոնությունների տեսքով: Պետությունը նույնպես պետք է հանդես գա պատվիրատուի դերում:

ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լեւոն Թավադյանը նշեց, որ երկրի տնտեսությունը գիտական արտադրանքի պահանջարկ չի ձեւավորում, եւ դրա պատճառները ակնհայտ են. արդյունաբերության փոքր ծավալներ, մենաշնորհներ, նորարարության ներմուծման կարգավորման մեխանիզմների եւ ներմուծման փոխարինման խթանների բացակայություն: Ակադեմիկոսն առաջարկում է Հայաստանում ինչ-որ կառույց ստեղծել, որը կձեւավորի եւ կակումուլացնի կիրառական հետազոտությունների պահանջարկը: