Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դիմել է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու տիկին Անահիտ Հայթայանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը նախատեսում է հանդիպում նախորդ ժամանակահատվածում մահացած ծննդկանների, այդ թվում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Մերի Մարգարյանի, հարազատների հետ:

Միանշանակ դրական գնահատելով Ձեր այդ նախաձեռնությունը, միաժամանակ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մերի Մարգարյանի մահվան վերաբերյալ քրեական գործը այժմ գտնվում է դատաքննության փուլում, ուստի, գտնում եմ, որ դատարանում քննվող գործով կողմերից մեկի հետ քննարկումներ կազմակերպելը չի բխում կողմերի հավասարության սկզբունքից:

Ավելին, հարգելի պարոն նախարար, դատարանում քրեական գործի քննությանը զուգահեռ, գործադիր իշխանության մարմնում, այն էլ՝ այդ մարմնի ղեկավարի մոտ, քննարկումներ կազմակերպելը առհասարակ չի բխում արդարադատության շահերից, ուստի այն գտնում եմ անթույլատրելի»,- ասվում է դիմումի մեջ:

Նշենք, որ Լեւոն Ալթունյանն իր սկանդալային հայտարարությունից հետո առաջարկել է հանդիպել մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթեւ Գասպարյանի եւ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատների հետ: