Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է իր վրա վերցնել Հայաստանում գազի սակագնի նվազեցման համար ֆինանսական աղբյուրներով պայպամանավորված բոլոր ռիսկերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորոխ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նա հիշեցրեց, որ գազի գնի նվազեցման նպատակով ֆինանսական աղբյուրների մասին նախկինում նաեւ վարչապետն է հայտարարել: «Չորս ֆինանսական աղբյուր կա. առաջին՝ դա կարող է կատարվել Ռուսաստանից Հայաստան տարանցվող գազի սակագնի նվազման հաշվին: Այդ պայմանագրի ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ին լրանում է: Ներկայումս «Գազպրոմ էքսպորտի» եւ վրացական կողմի միջեւ բանակցություններ են վարվում, որպեսզի տարանցման սակագները նվազեցվեն»,- նշեց Ռոբերտ Նազարյանը:
Երկրորդ՝ բիզնեսին եւ սոցիալական անապահով ընտանիքներին տրամադրվող արտոնությունները կհանգեցնեն գազի սպառման լրացուցիչ ծավալների, եւ դրանից ստացվող եկամուտները եւս կարող են ֆինանսավորման աղբյուր լինել: ««Գազպրոմ Հայաստանը» ֆինանսավորման երրորդ աղբյուր է համարում այն, որ նախկինում իրենք ֆինանսական մեծ պարտավորություններ են ունեցել, այսօր այդ պարտավորությունների մեծ մասն արդեն իրականացվել է, որոշակի օպտիմալացման հաշվին նրանք որոշ գումար կուղղեն խնդրի լուծմանը: Ֆինանսավորման չորրորդ՝ ամենակարեւոր աղբյուրն այն է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստանում է իր վրա վերցնել նշված երեք աղբյուրներով պայմանավորված բոլոր ռիսկերը: Եթե դա անբավարար լինի, ապա ընկերությունը մնացած հատվածը կսուբսիդավորի»,- ընդգծեց Ռոբերտ Նազարյանը:




























