Ռուսաստանի Օրսկ քաղաքում քննիչները եւս մեկ քրեական գործ են հարուցել ադրբեջանցու դեմ, ով մեղադրվում է կնոջ եւ 4-ամյա դստեր սպանության մեջ:
Vesti.Az-ը, կայակոչելով Օրենբուրգի մարզի իրավապահ մարմիններին, հայտնում է, որ նոյեմբերի 2-ի երեկոյան Օրսկի Դուբրովսկու փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են 35-ամյա կնոջ եւ նրա 4-ամյա դստեր դիակները՝ բռնի մահվան նշաններով: Քրեական գործ է հարուցվել երկու մարդկանց սպանության փաստով, այդ թվում՝ մանկահասակ երեխայի: Քննիչները նաեւ հայտնել են սպանությանը տուժողի հետ նախկինում կենակցող Ադրբեջանի 32-ամյա քաղաքացու մասնակցություն ունենալու մասին, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նոյեմբերի 3-ի երեկոյան նա ձերբակալվել է Օրսկի Շինարարների փողոցի շենքերից մեկի բակում: Քննչական կոմիտեի տվյալներով՝ տղամարդը թաքնվելու փորձ է կատարել եւ ձերբակալվելիս դիմադրություն է ցույց տվել: Հաղորդվում է, որ ոստիկանները տաբելային զենք են կիրառել, եւ կասկածյալը վիրավորվել է, նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
«Ռաուֆ Գարդաշովը երկու անձանց սպանելուց հետո իրավապահ մարմիններից թաքնվելով՝ ձերբակալվելիս դիմադրություն է ցույց տվել եւ դանակով հարվածել է Օրենբուրգի մարզի ՆԳՆ վարչության աշխատակցի որովայնի շրջանում, որն իր ծառայողական պարտականություններն էր կատարում: Այս փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 317 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի դեմ ոտնձգություն)»,- նշված է հաղորդագության մեջ:
Նախկինում տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել «Երկու անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխայի սպանության» հոդվածով: Քննության վարկածով՝ նոյեմբերի 2-ին, ժամը 18-ից 19-ի սահմաններում մեղադրյալը գտնվել է իր նախկին կենակցուհու տանը, վեճի ընթացքում նա «կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իրանի եւ պարանոցի շրջաններում եւ մեկ հարված՝ իր 4-ամյա դստեր պարանոցին»: Ստացած վնասվածքների հետեւանքով տուժողները տեղում մահացել են:


























