Առանց Հայաստանի ներքին կյանքի որակական փոփոխության ու նոր ծրագրերի, պարզապես մարդկանց փոխելով հնարավոր չէ երկրում առկա խնդիրները լուծել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժմանակ նշել է «Համախմբում» կուսակցության ղեկավար, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է առաջին դեմքով հանդես գան եւ նշեն, թե ինչ դիրքորոշում ունեն տնտեսական զարգացման, Ղարաբաղի, տարածաշրջանում ինտեգրման գործընթացների վերաբերյալ: Հասարակությունը պետք է իմանա այդ մասին: Մենք չենք կարող թույլ տալ, որ առաջնորդները թաքնվեն ընդհանուր հայտարարությունների տակ»,-ընդգծեց Օսկանյանը:

Նրա խոսքով, տնտեսությունում պետք են խորքային ու արմատական բարեփոխումներ՝ քաղաքական ու տնտեսական, համարձակ տնտեսական ծրագիր եւ դրսից միջոցներ ներգրավելու հնարավորությունների ստեղծում. «Նոր վարչապետը փորձում է որոշ բաներ անել, բայց դա շատ քիչ է: Ես հակասություն եմ տեսնում վարչապետի քայլերի եւ նոր ընդունված հարկային օրենսգրքի միջեւ: Տնտեսությունն այն ոլորտն է, որտեղ կիսատ քայլերն արդյունք չեն տալիս: Առանց քաղաքական բարեփոխումների տնտեսական բարեփոխումները դատապարտված են: Այսօր ամենամեծ մարտահրավերը քաղաքական մենաշնորհն է, որ կա Հայաստանում»: