2017 թվականի բյուջեն կոնսերվատիվ է, բայց մեկ բառով դա կայունացման բյուջե է, որի հիմքում իրական կանխատեսումներ են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա կարեւորեց արտաքին ցնցումներից զերծ մնալը, քանի որ Հայաստանը դոլարիզացված երկիր է. «Հայաստանը պարտադրված է եղել երկու տարի անընդմեջ հակազդել արտաքին շոկերին: Գործիքակազմը, որը կառավարությունը շոկերին հակազդելու համար առաջարկել էր՝ դրամական ու հարկաբյուջետային քաղաքականությունն էր: Շակերը դրսեւորվեցին 2014-ին եւ սրվեցին տարվա վերջում, ռուսական ռուբլին ջղաձգվեց, արժեզրկվեց, ինչը ստեղծեց հայկական դրամի արժեզրկման սպասում: Ընտրվեց դրամավարկային քաղաքականություն, որը գնաց կոշտացման, որպեսզի արտարժույթային շուկայում էական ցնցումներից զերծ պահենք մեր տնտեսությունը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Կտրուկ արժեզրկումները Հայաստանում թուլացնում են տնտեսական աճը, դրա համար Կենտրոնական բանկը խոշոր կոշտացումներ արեց: Արդյունքում մենք երկու տարի անընդմեջ ավելի մեծ պարտք վերցրինք, քան նախատեսված էր ծրագրով, որպեսզի հակազդեինք արտաքին շոկերին: Դրա համար պարտքը արագ տեմպերով աճեց, քան տնտեսական աճը»:
Վարդան Արամյանի խոսքով, կառավարությունը փորձելու է հաջորդ տարվա համար պարտքի աճը համեմատաբար կոնսերվատիվ պահել նախորդ տարիների համեմատ: Նա նշեց, որ տնտեսության կառուցվածքում փոփոխություններ են նկատվում, շեշտը դրվում է արտահանող ճյուղերի վրա, որն ուժեղացնում է տնտեսության դիմադրողականությունը:
Ֆինանսների նախարարը կարծիք հայտնեց,, որ 2017-ին արտաքին ընդhանուր տնտեսական միջավայրը լինելու է ավելի լավը, քան նախորդ տարի. «Ռուսաստանը, որը մեր առեւտրային գլխավոր գործընկերն է, եւս դրական տնտեսական աճ կունենա, ինչը դրական կազդի նաեւ մեզ վրա: Վերջին ութ ամիսներին մենք արդեն 60 տոկոս արտահանման աճ ունենք դեպի Ռուսաստան»:
Նշենք, որ ԱԺ ֆինանսանավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:





























