Ղարաբաղի հարցը պատերազմով է լուծվելու, ուղղակի մենք չգիտենք՝ երբ է լայնամասշտաբ պատերազմը սկսվելու, քանի որ մենք չենք ծրագրավորում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ազատամարտիկ Շահե Աճեմյանը:

«Դիվանագիտական բոլոր հարցերի լուծումը մտել է փակուղի: Ապրիլին փորձեցին, սակայն միջազգային հանրությունը մի կերպ կասեցրեց լայնամասշտաբ պատերազմը: Մի  բան հստակ է, որ այս հարցը պատերազմով է լուծվելու, ուղղակի մենք չգիտենք՝ երբ է լայնամասշտաբ պատերազմը սկսվելու, քանի որ մենք չենք ծրագրավորում: Ընդամենը մենք միշտ պետք է պատրաստ լինենք, որ այդ անակնկալ հարձակումը դիմակայենք առաջիկա ժամերին»,-ընդգծեց նա:

Իր հերթին «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը նշեց, որ Ադրբեջանի հետ պետք է վարվել ինչպես շան հետ՝ ինքը կծում է, «ֆու» կամանդայով կարող ես զսպել իրեն, ստիպես՝ ինչ-որ բան անել. «Մեր հակառակորդին՝ մեր շանը պետք է սովորեցնենք, որ մեզ գարեջուր բերի, նավթ կիսի: Այսօրվա մեր ռեֆլեկտոր քաղաքականությունը գորտն էլ է անում. դպրոցում նման փորձեր անում էինք, երբ կիսլատայի մեջ գցում էինք առանց գլխի գորտին, նա ոտքը կարողանում էր  բարձրացնել»:

Վարդանովը խոսել է նաեւ բանակի համար յուրաքանչյուր աշխատողից 1000-ական դրամ գանձելու նախաձեռնությանը՝ նշելով. «Ես կողմ եմ որոշակի տոկոսի, օրինակ՝ ինչ-որ տրանսպորտային խախտում է արվել, դրանից ամսվա վերջին տոկոս պահվի: Պետք է ուղղակի խիստ վերահսկողություն լինի, դահիճ լինի, որ ձեռքը կամ այլ անդամներ կտրի գողության դեպքում»: