Զինծառայողների ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում լինելու են 3-ական անդամներ Կառավարությունից, Կենտրոնական բանկից եւ քաղաքացիական հասարակությունից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում զինծառայողների ֆոնդին 1000 դրամ վճարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ես առաջարկում եմ, որ Կառավարության 3 անդամներից 1-ը կամ 2-ը լինեն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից կողմից ընտրվածը։ Իսկ քաղաքացիական հասարակության մասով կան կազմակերպություններ, որոնք լիովին արտացոլում են այն, ինչ անհրաժեշտ է»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ կայք է գործելու, որտեղ թափանցիկ ներկայացվելու են կատարված աշխատանքը։
«Այս օրերին հարց է հնչում նաեւ, թե ինչ է լինելու գումարի հետ, եթե 2017թ․ հունվարից հետո մենք դրա կարիքը երբեք չզգանք, մենք պարբերաբար նույնն էինք կրկնում՝ Աստված տա կարիքը լինի։ Օրենքը սահմանում է, որ եթե գումար կուտակվի, հիմնադրամի խորհուրդը կարողանա անդրադառնալ նաեւ նախկինում վիրավորված զինծառայողների կամ զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրներին»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:
Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:
2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական:




























