Թուրքիայի իշխանությունները պետք է իրենք որոշեն, պահպանեն արդյոք ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, թե ոչ։ Այս մասին Bild թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի նախագահի պաշտոնի համար առաջադրված՝ արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շթայնմայերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող Անկարայի կառավարության փոխարեն որոշել՝ վերջնականապես փակե՞լ դուռը դեպի ԵՄ ու երես թեքել արեւմտյան աշխարհից, թե ոչ»,- ասել է նա։ «Դա Անկարայի՛ պատասխանատվության գոտին է, եթե նա որոշի վերականգնել մահապատիժը, ապա դա հստակ ազդանշան կլինի, որ նա մտադիր է վերջնականապես փակել իր «եվրոպական դոսյեն»,- հավելել է Շթայնմայերը։
Նրա խոսքով, Գերմանիայի կառավարությունը մշտապես հայտնում է, որ «Թուրքիայում զանգվածային կալանքները, կրճատումները ու հարձակումները մամուլի ու ընդդիմության վրա լուրջ մտահոգություն են առաջացնում»։ «Միաժամանակ Թուրքիան չափազանց կարեւոր է մեզ համար, հենց թեկուզ երկու երկրների միջեւ մարդկային սերտ կապերի պատճառով, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տանք այս բարդ ժամանակաշրջանում ընդհատել երկխոսությունը»,- շեշտել է նա։ «Մենք արտաքին քաղաքականության մեջ ասպետ- ջեդաիներ չենք, որոնք կարող են լազերային թրով իրականություն ստեղծել, մենք պետք է գնանք երկխոսության բարդ ճանապարհով»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։




























