Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ մարդու մասին տեղեկություն կարելի է ստանալ՝ վերլուծելով նրա բջջայինի վրա մնացած մոլեկուլները: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences պարբերականը:
Գիտնականները նմուշներ են վերցրել մոտ 500 գաջեթից: Պարզվել է, որ բջջային սարքերի վրա մոլեկուլներ կան, որոնք ոչ միայն մարդու առողջության մասին են հայտնում, այլեւ նրա կենսակերպի: Մոլեկուլների անալիզով կարելի է պարզել, թե դիմահարդարման ինչ միջոցներ է օգտագործում կինը, մազերը ներկում է, թե ոչ: Գիտնականները սմարթֆոնների վրա տիրոջ օգտագործած դեղերի հետքեր են հայտնաբերել: Նրանց խոսքով՝ այդ մոլեկուլները կարող են պահպանվել նույնիսկ հեռախոսը չօգտագործելուց մեկ ամիս անց:
Իհարկե, այս տեղեկատվությունը թույլ չի տա մարդուն ճշգրտորեն նույնականացնել, ինչպես մատնահետքերի դեպքում, սակայն թույլ կտա հանցագործությունները հետաքննելիս նեղացնել կասկածյալների շրջանակը:
Սմարթֆոնների վրա կուտակվող մոլեկուլները թույլ են տալիս եզրակացություններ անել այն վայրերի էկոլոգիական եւ թունավոր վիճակների մասին, որտեղ եղել է դրանց տերը:




























