Միայն այս տարվա հունվարի 1-ից նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ կայացրել է 12 վճիռ, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 8, իսկ 2014-ին՝ ընդամենը 4 վճիռ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:

Պարոն Ասատրյան արդեն տեւական ժամանակ է ինչ լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նշվում է, որ օր օրի ավելանում է ՀՀ քաղաքացիների գանգատների ու վճիռների թիվը: Ի վերջո ինչպիսի՞նն է վիճակագրությունն այս առումով:

Նախ, նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը բոլորովին վերջերս ընդգրկուն հարցազրույց է տվել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված ՄԻԵԴ վճիռների եւ դրանց կատարման վերաբերյալ՝ ուստի ՄԻԵԴ ներկայացված գանգատների վիճակագրության, ՄԻԵԴ վճիռների եւ դրանց կատարման հարցերի մասով կանեմ ընդհանուր նկատառումներ: 

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն  2002-2016 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ ներկայացված եւ Դատարանի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 2,642: Այս գանգատներից 1,351-ը, այսինքն՝ Դատարանի քննությանը հանձնված գանգատների 51,13%-ը, ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է քննության ենթակա գործերի ցուցակից: 2016 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը ՀՀ-ի վերաբերյալ կայացրել է 69 ըստ էության վճիռ: 69 ըստ էության վճիռներից 66 ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 3-ով որեւէ խախտում չի արձանագրել:

Իսկ ըստ վիճակագրական տվյալների, որքա՞ն է աճել ՀՀ-ի դեմ ներկայացված գանգատների եւ վճիռների թիվը: Հանրությունն այն տեսակետին է, որ վերջին տարիներին քաղաքացիներն ավելի շատ են դիմում ՄԻԵԴ, քանի որ հայաստանյան դատական համակարգին այլեւս չեն վստահում, արդյոք դա իրականությո՞ւն է:

ՄԻԵԴ-ը ՀՀ-ի վերաբերյալ վճիռներ է կայացրել սկսած 2007 թվականից: Ընդ որում, 2007 եւ 2008 թվականներին կայացվել է խախտում արձանագրող համապատասխանաբար 5 եւ 6 վճիռ: 2009 թվականին ՄԻԵԴ-ը կայացրել է 9 վճիռ, 2010 թվականին կայացվել է խախտում արձանագրող 5 վճիռ, 2011 թվականին ՄԻԵԴ-ը կայացրել է 5 վճիռ, 2012 թվականին ՄԻԵԴ-ը կայացրել է խախտում արձանագրող 16 վճիռ, 2013 թվականին կայացվել է 2 վճիռ, 2014 թվականին Հայաստանի վերաբերյալ կայացվել է խախտում արձանագրող 4 վճիռ, 2015 թվականին կայացվել է խախտում արձանագրող 8 վճիռ, 2016 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ կայացրել է 12 վճիռ, որոնցից 1-ով որեւէ խախտում չի արձանագրել, իսկ 2-ով կայացրել է գործն ըստ էության լուծող վճիռ՝ հետաձգելով արդարացի հատուցման պահանջի քննությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված գանգատների թվին, ապա այն չէր կարող չաճել՝ նկատի ունենալով այն օբյեկտիվ իրողությունը, որ անցած տարիների ընթացքում ձեւավորվել եւ դեռ շարունակում են զարգանալ Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու պրակտիկան եւ ավանդույթները: Սրան պետք է ավելացնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների թվի կայուն աճն ընդհանրապես եւ Եվրոպական դատարան գանգատ ներկայացնող փաստաբանների թվի աճը՝ մասնավորապես:

Վերջին տարիներին Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացվող վճիռների թվի աճի առնչությամբ հարկ է նշել, որ այն մեծապես պայմանավորված է Եվրոպական դատարանի քարտուղարությունում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գանգատներով զբաղվող աշխատակիցների թվի աճով:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների կողմից առավել հաճախակի Եվրոպական դատարան դիմելուն եւ ներպետական դատարաններին չվստահելուն, ապա հարկ է նշել, որ տպավորություն կարող է ստեղծվել, որ դիմումատուներն իրենց գանգատները անմիջապես ներկայացնում են Եվրոպական դատարան, այնինչ նման հնարավորությունը բացառված է հենց Եվրոպական կոնվենցիայով, քանի դեռ վերջիններս չեն սպառել ներպետական ատյանները: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ տեղին չէ ՄԻԵԴ ներկայացվող գանգատների թվի աճը կապել  ներպետական դատարանների նկատմամբ հասարակության վստահության նվազման հետ: Սա իրավական գործընթաց է եւ դիմումատուն իրացնում է իր իրավունքը՝ դիմելով միջազգային դատական ատյան, եթե գտնում է, որ ներպետական դատական ակտերով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը սխալ է մեկնաբանվել կամ դատարանների եզրահանգումները ենթադրաբար խախտում են Եվրոպական կոնվենցիայի եւ դրա հիման վրա ձեւավորված Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը:

Եվրոպական դատարան գանգատներ ներկայացվում են նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ մյուս 46 երկրների դեմ: Ինչպես արդեն նշեցի, սա իրավական գործընթաց է, այն եղել է եւ հետագայում եւս կլինի: Պետությունների խնդիրը Եվրոպական դատարանի կողմից իրենց դեմ կայացված վճիռներից հետո առկա օրենսդրական եւ գործնական թերությունները վերացնելն է, ինչի ուղղությամբ ամենօրյա աշխատանք պետք է տարվի: Հարկ է նաեւ նշել, որ վերջին տարիներին դատական համակարգում կատարված բարեփոխումները չափազանց կարեւոր են եղել դատական պրակտիկայի շտկման համար, ինչի արդյունքները մենք տարիներ հետո կզգանք Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատների քանակի եւ բովանդակության փոփոխություններով: Ինչու տարիներ հետո, որովհետեւ այսօր Եվրոպական դատարան ներկայացված գանգատները իրենց հանգուցալուծումը գտնում են տարիներ (ընդհուպ 10 տարի) հետո:

ՄԻԵԴ վճիռներով պատասխանող պետությունը պարտավորվում է հատուցել այդ վճիռներով սահմանված գումարները: Որքա՞ն գումար է վճարվել ՀՀ-ի վերաբերյալ կայացված եւ խախտում արձանագրող վճիռներով:

2016 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած եւ վերջնական դարձած վճիռներով դիմումատուների կողմից ներկայացվել է ընդհանուր ավելի քան 15 միլիոն եվրոյին համարժեք հատուցման պահանջ, որից բավարարվել է ընդհանուր 903,229 եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 6,02%-ը: Դատարանի կողմից բավարարված գումարն ամբողջությամբ հատուցվել է: Սակայն նշված վիճակագրությունը չի ներառում հետեւյալ գործերով դիմումատուների պահանջած եւ/կամ Դատարանի սահմանած արդարացի հատուցման գումարները՝ «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի», «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի», «Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի»: