Պակիստանում մեծ տարածում է ստանում տեսությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփն իբրեւ ծնվել է Պակիստանում ու պատահաբար է հայտնվել ԱՄՆ-ում, գրում է Der Spiegel գերմանական ամսագիրը։
Եվ այսպես, ըստ պակիստանյան Neo News հեռուստաալիքի տեսանյութի՝ Թրամփը ծնվել է ոչ թե նյույորքյան Քուինս թաղամասում, այլ Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Հյուսիսային Վազիրիստանում՝ Շավալ հարթավայրում ու ունեցել Դավուդ Իբրահիմ Խան անունը։ Հենց այնտեղ է փոքրիկ Խանը անցկացրել իր մանկությունը ու կրոնական դպրոց հաճախել մինչեւ նրա ծնողները զոհվել են վթարից։ Հետո Հնդկաստանում ծառայող բրիտանական բանակի պաշտոնանկ սպան տղային Լոնդոն է տարել, որտեղից էլ նա հետագայում տեղափոխվել է ԱՄՆ եւ որդեգրվել Թրամփների ընտանիքի կողմից։
Ուրդու լեզվով հեռուստանյութը ցուցադրվել էր դեռ հոկտեմբերին ,բայց ուշադրություն է գրավել միայն Թրամփի հաղթանակից հետո։
Որպես ապացույց ներկայացվում է համացանցում տարածված լուսանկարը, որտեղ պատկերված է բաց մազերով, բաց մաշկով ու փամփլիկ այտերով երեխա, որը շատ նման է Թրամփին։ Նաեւ հայտնել էին, որ գտնվել են Թրամփի պակիստանցի ազգականները, վերցվել է ԴՆԹ անալիզ ու նույնիսկ հայտնաբերվել է Թրամփ –Խանի ծննդյան վկայականը։
Մինչդեռ Պակիստանում Թրամփին առանձնապես չեն սիրում, քանի որ իր նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփը պահանջում էր արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ։ Բայցեւայնպես ինչ -որ մեկը համացանցում հրապարակել է հինգվայրկյանանոց մի հին տեսանյութ, որտեղ Թրամփն ասում է «Ես սիրում եմ Պակիստանը»։ Տեսանյութը շատ պոպուլյար է դարձել համացանցում։




























