1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիր ընդունեցին: 1996-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետություններին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 16-ին նշել Հանդուրժողականության միջազգային օրը (International Day for Tolerance):

Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրի համաձայն՝ բոլոր մարդիկ էությամբ տարբեր են, բայց հավասար են իրենց իրավունքներում եւ արժանապատվության հարցում: Ըստ փաստաթղթի՝ հանդուրժողականություն նշանակում է հարգել, ընդունել եւ ճիշտ հասկանալ աշխարհի մշակույթների հարուստ բազմազանությունը, ինքնարտահայտման ձեւերը եւ մարդկային անհատականության միջոցները: Պետության մակարդակով հանդուրժողականությունը պահանջում է արդար եւ օբյեկտիվ օրենսդրություն, դրա նորմերի պահպանում:

Հանդուրժողականությունը նաեւ պահանջում է յուրաքանչյուր մարդու տնտեսական սոցիալական զարգացման հնարավորություն ընձեռել՝ առանց որեւէ խտրականության: