Երկրի վրա մարդկությունը հաջորդ հազարամյակը չի վերապրի: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ այսպիսի տեսակետ է հայտնել հայտնի բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:

«Հնարավոր է՝ մի գեղեցիկ օր մենք կարողանանք ձգողականության ալիքներն օգտագործել Մեծ պայթյունի ուղիղ «սրտի» մեջ նայելու համար: Տիեզերքում շատ հայտնագործություններ են արվել, բայց դա, միեւնույն է, քիչ է: Անհրաժեշտ է շարունակել այն հետազոտել ապագա մարդկության համար: Չեմ կածում, որ մենք մեր փխրուն մոլորակի վրա եւս մեկ հազարամյակ կվերապրենք»,- հայտարարել է գիտնականը:

Օքսֆորդի համալսարանում իր ելույթում 74-ամյա պրոֆեսորը գիտնականներին կոչ է արել խթանել հանրության հետաքրքրությունը տիեզերական ճանապարհորդությունների հանդեպ: Հոքինգի կարծիքով՝  մարդկությունը կարող է կործանվել միջուկային պատերազմի, լաբորատոր պայմաններում ստեղծված վիրուսի կամ արհեստական ինտելեկտի մեղավորության հետեւանքով:

Ֆիզիկոսը կարեւորել է մարդկանց հնարավոր փրկության համար աստղաֆիզիկայում հայտնագործությունները: Հոքինգը համոզված է, որ եթե մարդկությունը չսկսի կատարելագործել տիեզերական տեխնոլոգիաները, չսովորի տիեզերքում զգալի տարածություններ հաղթահարել, ապա ապագա չի ունենա: