«Ազգայնական եվրոսկեպտիկները, որոնք իրենց հակադրում են իսթեբլիշմենթին, հիացած են Դոնալդ Թրամփի հաղթանակով»,- գրում է The Independent–ը։ «Շատ եվրոպական երկրներում աութսայդեր կուսակցությունները նկատում են, որ իրենց պոպուլիստական, հաճախ վիճահարույց քարոզարշավները ժողովրդականություն են ստանում»,- վստահեցնում է լրագրող Քեթի Ֆորսթերը։
Թերթը ներկայացնում է եվրոպական այն արմատական աջ ու ցենտրիստ քաղաքական գործիչների ցուցակը, որոնք հույս ունեն գալիք ընտրություններում իշխանության գալ․
1․ Նորբերտ Հոֆեր, Ավստրիայի «Ազատության կուսակցության» առաջնորդը։ «Նա քաղաքացիներին խորհուրդ է տվել փախստականների շուրջ ստեղծված ճգնաժամին արձագանքել հրազեն ձեռք բերելով»,- գրում է պարբերականը։
2․ Մարին Լե Պեն՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատի» առաջնորդ
BBC-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ գալիք տարվա մայիսին ծրագրված ընտրություններից հետո ինքը Ֆրանսիայի նախագահ է դառնալու։ Նրա խոսքով դա լինելու է «գլոբալ հեղափոխության երրորդ փուլը»։ Լե Պենը խոստացել է, որ Ֆրանսիան դուրս է գալու ՆԱՏՕ-ից։
3․ Գեերտ Վիլդերսը ՝ Նիդեռլանդներից, փառաբանել է Թրամփի հաղթանակը ՝ անվանելով դա «հայրենասիրական զարթոնքի» սկիզբ։ Վիլդերսին քննադատում էին Ղորանը Հիտլերի «Մայն կամպֆ»-ի հետ համեմատելու համար։
4․Ֆրաուկե Պետրին՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախագահը։ «Այս պոպուլիստական, ԵՄ-ին դեմ արտահայտվող կուսակցությունը 2013-ին է ստեղծվել, Պետրին բազմամշակութայնությունը համեմատել է ճահիճի հետ ու ասել, որ փախստականների հետ գործ ունենալիս՝ սահմանապահները պետք է անհրաժեշտության դեպքում զենք կիրառեն»։
5․ Յիմմի Օքեսսոնը, «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության նախագահը։ «Օքեսոնը դեմ է փախստականներին Շվեդիայում ընդունելուն ու չի ուզում, որ իր երկիրը ԵՄ լիարժեք անդամ լինի»,- ասվում է հոդվածում։
6․ Միլիարդատեր Անդրեյ Բաբիչ, Չեխիայի ֆինանսների նախարար, որին «չեխ Թրամփ» են կոչում։
Սեպտեմբեին Բաբիչը ստիպված էր ներողություն խնդրել, որ հերքել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնչուների համար համակենտրոնացման ճամբարների գոյությունը։
7․ Բեպպե Գրիլլո, հեռուստատեսային կատակերգու, որը 2009-ին Իտալիայում ստեղծել էր «Հինգ աստղերի շարժումը»։ «Գրիլլոն քննադատել էր Թրամփի քաղաքականության որոշ ասպեկտներ, բայց նաեւ հայտնել, որ Թրամփի հաղթանակը ցույց է տալիս այլընտրանքային լրատվամիջոցների հզորությունը։ Իտալիայում 2018-ի խորհրդարանական ընտրություններում սուր պայքար է սպասվում եվրոպամետ կուսակցությունների ու եվրոսկեպտիկների միջեւ», ասվում է հոդվածում։




























