Հայ գիտնականները կարող են իրենց ներդրումն ունենալ՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանում մեկնարկած Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերին նվիրված Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում հայտարարել է ԵՄ Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ուղեկցությամբ նա այցելել է ՀՀ ԳԱԱ էկոլոգիական եւ նոոսֆերայի կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ:
Հանձնակատարը երիտասարդ գիտնականներին ներկայացրել է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագիրը, որին Հայաստանը անդամակցել է վերջերս: Խոսելով ծրագրի նպատակների եւ հիմնական գերակայությունների մասին՝ Կարլոս Մոեդաշն ընդգծել է, որ Եվրոպան գիտության եւ նորարարությունների ասպարեզում առաջնորդվում է բաց տարածքների սկզբունքով. «Գիտությունն ու նորարարությունները պետք է լինեն բաց տարածք եւ հասանելի բոլորի համար: Գիտությունն ու նորարարությունը վերջին հարյուրամյակում փոխել են աշխարհը: Գիտությունն այլեւս միայն գիտնականինը չէ. գիտությունն ու նորարարությունն այսօր, առավել քան երբեւէ մոտեցել են շարքային քաղաքացուն: «Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է՝ համախմբել եվրոպական տարածքի լավագույն գիտական միտքը եւ նորարարական գաղափարները»,-նշել է ԵՄ հանձնակատարը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի երիտասարդ գիտնականները կարող են իրենց լուման ներդնել՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում:
«Բաց դռների քաղաքականությունը ճիշտ մոտեցում է. մենք սրանում համոզված ենք»,- հայտարարել է Կարլոս Մոեդասը: Հանձնակատարը նշել է նաեւ, որ ծրագիրը լավ հնարավորություն է Հայաստանի անհատ գիտնականների, ինչպես նաեւ գիտական կազմակերպությունների համար՝ ընդգրկվել եվրոպական համալսարանական եւ գիտական ցանցի մեջ. «Որպես առաջին կարեւոր տեխնիկական քայլ, կարծում եմ, նախ պետք է հմտանալ «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության մրցութային հայտեր լրացնելու գործում: Անհրաժեշտ է աշխատանքներ տանել համապատասխան մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Մեր՝ իբրեւ ծրագրի իրականացման պատասխանատուների, հիմնական նպատակն է՝ հնարավորինս շատ թվով նոր դեմքեր ներգրավել»,- ասել է Կարլոս Մոեդասը:
Հանդիպմանը մասնակից երիտասարդ գիտնականները տարբեր հարցեր են ուղղել ԵՄ հանձնակատարին, որոնք վերաբերել են «Հորիզոն-2020» ծրագրի ընթացակարգերին, հայտերի ընտրության չափանիշներին, նպատակներին եւ արդյունքներին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատարին՝ ընդգծելով, որ երիտասարդ գիտնականների հետ հանդիպման նախաձեռնությունը ցուցաբերվել է անձամբ պարոն Կարլոս Մոեդասի կողմից. «Դուք բոլորդ ունեք հնարավորություն ինչպես անհատապես, այնպես էլ կազմակերպության անունից լրացնել հայտ եւ մասնակցել «Հորիզոն-2020»-ի գիտության եւ նորարարության մրցույթներին: Մեր երկրի անդամակցումն այս ծրագրին կարող է արդարացված լինել միայն ձեր ակտիվությամբ»,-դիմելով երիտասարդ գիտնականներին՝ նշել է Լեւոն Մկրտչյանը:
Նշենք, որ ԵՄ Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ԿԳ նախարարի ուղեկցությամբ, այցելել է նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /Մատենադարան/ եւ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն:




























