Նոյեմբերի 18-ին եւ 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:
Հանրապետության մայրաքաղաքում եւ բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ ազգաբնակչության առաջարկություններն ու դիտողությունները:
Մասնագիտական հանձնաժողովն ստացված առաջարկությունների եւ կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկել է որոշակի լրամշակման: Նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրության նախաբանի նախագծային տեքստին:
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին:




























