Երեւանի կենտրոնական հրապարակը Հանրապետության հրապարակը ոչ միան մայրաքաղաքի խորհրդանիշն է, այլեւ պետական հաստատությունների կենտրոնակետը։
Հրապարակի երկայնքով տեղակայված են կառավարության ու զանազան նախարարությունների շենքերը։ Ակնհայտ է, որ ոչ բակերը,ոչ էլ նույնիսկ հրապարակի մեջտեղում հապճեպ կառուցված կայանատեղին չեն բավարարում հայ չինովնիկների պահանջները։
Արդյունքում աշխատանքային օրերին հրապարակում կարելի է ականատես լինել կայանման ու ճանապարհային երթեւեկության կանոնների զանազան խախտումների։ Դրան «օրինականության» տպավորություն հաղորդելու համար օգտագործվում են շարժական նշաններ։ Երբեմն պարզվում է, որ հսկայական ջիպերը պարզապես փակում են հարակից փողոցների մուտքը, ինչի հետեւանքով երթեւեկության մնացած մասնակիցները ստիպված են լինում խախտել կանոնները։
Ոստիկանները նման խախտումները անտեսում են, իսկ տեսախցիկներ հրապարակում տարօրինակ զուգադիպությամբ առհասարակ տեղադրված չեն։




























