Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանն առաջիկա օրերին Երեւանում վիրահատության կենթարկվի: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա մայրը՝ տիկին Սոնյան:

Ավետիսը պետք է ծնոտի վիրահատության ենթարկվի: Նախատեսվում էր, որ նրա վիրահատությունը կկատարվի Հնդկաստանում, որտեղ նա մեկնելու է վերականգնողական բուժում ստանալու: Սակայն առ այսօր Պաշտպանության նախարարությունն ինքնաթիռ չի գտնում, որ նրան տեղափոխի:

«Վիճակը նույնն է Ավետիսի, մենք էլ սպասողական վիճակում ենք»,- նշեց վիրավոր զինծառայողի մայրը:

Հիշեցնենք, որ Ավետիսը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության նպատակով, ընտանիքը Հայաստան է վերադարձել ապրիլին, Ավետիսի վիրավորվելու մասին իմանալուց հետո: Շուրջ 5 ամիս է՝ Ավետիսի ծնողներն ապրում էին բարեկամներից մեկի տանը, օրերս ստիպված բնակարան են վարձել եւ տեղափոխվել: Ինչպես են տան վարձը վճարելու, իրենք էլ չեն պատկերացնում. Ավետիսի մայրն ամբողջ օրը հիվանդանոցում է, որդուն է խնամում, իսկ հայրը դեռ աշխատանքի չի գտել: Հայաստան է վերադարձել նաեւ Ավետիսի եղբայրը, որը հաջորդ տարի պետք է ծառայության մեկնի: