Հիվանդի մահվան մեջ մեղադրվող` Թալինի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Ցոլակ Խաչատրյանը շարունակում է աշխատել: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Ցոլակ Խաչատրյանը շատ լավ մասնագետ է, պրոֆեսիոնալ է իր գործում: Հազարավոր վիրահատություններ է կատարել, հազարավոր մարդկանց է օգնել: Այս դեպքում այդ կնոջ կյանքն է երկարացրել 1 տարով, վատ բան է արե՞լ»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:
Արմեն Խաչատրյանի կարծիքով, դատաքննությամբ ապացուցվելու է իր աշխատակցի անմեղությունը: Նա նաեւ հերքեց տեղեկությունները, թե Ցոլակ Խաչատրյանը նախկինում դատապարտված է եղել:
Ըստ մեղադրական եզրակացության` Ցոլակ Խաչատրյանը 2014թ. օգոստոսին վիրահատել է Սոֆյա Պողոսյանին: Վիրահատությունից կարճ ժամանակ անց կնոջ մոտ նկատվել է քաղցկեղի շարունակական աճ, ինչի հետեւանքով էլ 2015թ. մայիսին մահացել է:
Ցոլակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկին սպառնում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


























