Ադրբեջանցին Սանկտ Պետերբուրգում առեւանգած խորթ դստերը տարել է Բաքու, հայտնում է Vesti.Az–ը՝ վկայակոչեկով «Պիտեր TV»–ն։

Սանկտ Պետերբուրգի ոստիկանություն էր դիմել 1998 թվականին ծնված դպրոցահասակ երեխայի մայրը։ Աղջիկն անհետացել էր դեռեւս նոյեմբերի 9-ին։ Պարզվում է, որ այդ օրը աղջիկն իր հետ վերցրել էր անձնագիրն ու 30 հազար ռուբլի։ Այդ ամենը նա տարել էր դպրոց։ Իր ընկերուհուն հայտնել էր, որ մեկնում է Բաքու։

2 օր անց աղջիկը մորը զանգել էր Ադրբեջանից։ Նա պատմել էր, որ խորթ հայրն ուժով է իրեն պահում տանը։ Աղջկա խոսքով՝ տղամարդը խլել է իր փաստաթղթերը եւ փակի տակ է պահում իրեն։

Նորությունների դաշնային գործակալությունը հայտնում է, որ արտաքինից անհետացած աղջիկը 17-18 տարեկան է, 163 սմ հասակով։ Նա մուգ–դարչնագույն մազեր ունի եւ մոխրագույն աչքեր։ Աղջիկը երկու ականջին էլ լսողական սարքեր է կրում։