Ֆրանսիացի ոստիկանները որոշել են, որ տուգանային հրապարակ տարված Porsche Carrera S ականապատ է, եւ սակրավորներ են կանչել այն պայթեցնելու համար, փոխանցում է leParisien–ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ երիտասարդ ֆրանսիացին մեքենան վերցրել էր վարձով, որից հետո գնացել էր գիշերային ակումբ։ Մեքենան նա կայանել էր տաքսիների համար նախատեսված կայանատեղիում, քանի որ ուրիշ ազատ տեղ չկար։ Ակումբից նա հարբած վիճակում տուն էր գնացել։
Ոստիկանները մեքենան տարել էի տուգանային հրապարակ եւ նույն օրն էլ Ֆրանսիայում գործող արտակարգ դրության պատճառով սկսել էին վախենալ, որ մեքենան ականապատ է, քանի որ դրա հետեւից ոչ ոք չէր եկել։ Դեպքի վայր ժամանած սակրավորները պայթեցրել էին մեքենայի բեռնախուցը։
Երիտասարդը պատմել է, որ ոստիկանները կապվել են իր հետ, եւ ինքը խոստացել էր գալ մեքենայի հետեւից։ Այդուհանդերձ ոստիկանության աշխատակիցները սակրավորներ էին կանչել։ Մեքենան արժի մոտ 100 հազար եվրո։




























