Լոնդոնի Օլդ Բեյլի դատարանի ատենակալները բրիտանացի Թոմաս Մեյրին մեղավոր են ճանաչել «բրեքսիթից» մեկ շաբաթ առաջ բրիտանացի պատգամավոր Ջո Քոքսին սպանելու համար։ Որոշում կայացնելու համար նրանցից ընդամենը մեկ ժամ է պահանջվել, հայտնում է BBC–ն։ Մեյրը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Մեյրը իր մեղավորությունը չի ճանաչել, սակայն որպես արդարացում ոչ մի ապացույց չի ներկայացնում։ Մի քանի նիստերի ժամանակ նա անտեսել է դատավորի հարցերը կամ էլ դրանց պատասխանել է կարգախոսերով։ Օրինակ երբ նրան խնդրել են հայտնել իր անունը՝ Թոմաս Մեյրը բղավել է․ «Մահ դավաճաններին, ազատություն Մեծ Բրիտանիային»։

Մեղադրող կողմի վարկածով, Մեյրը հունիսի 16-ին մի քանի անգամ դանակով հարվածել էր լեյբորիստական կուսակցության անդամ, պատգամավոր Ջե Քոքսին ու երեք անգամ ատրճանակից կրակել նրա վրա։ Դրանից հետո կինը որոշ ժամանակ պառկած է մնացել կամրջի տակ, արյուն կորցնելով, մինչեւ տեղի բնակիչներից մեկը շտապ օգնություն է կանչել։

Ջո Քոքսը ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու ակտիվ կողմնակիցներից էր, նաեւ կողմ էր, որ Բրիտանիան հնարավորինս շատ սիրիացի երեխաների ընդունի։