Եգիպտոսի խորհրդարանի շուրջ 300 պատգամավոր իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի ընդունմանը, սակայն, մինչ օրս այդ բանաձեւի ընդունման համար քայլեր չեն ձեռնարկվում:  NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի շրջանային հանձնաժողովի պատվո ատենապետ Պերճ Թերզյանն ասաց, որ բանաձեւի ընդունման ժամանակահատվածն ավելի շատ կախված է Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների հետագա զարգացումից: Նրա խոսքով՝ Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունները, եթե ավելի լարվեն, հնարավոր է, որ Հայոց ցեղասպանության մասին նախագծի ընդունման գործընթացն արագանա, իսկ, եթե հակառակը՝ այդ բանաձեւի ընդունման հարցը հնարավոր է՝ նորից ձգձգվի. «Ուշ թե շուտ, այս բանաձեւն ընդունվելու է, որովհետեւ Եգիպտոսի իշխանությունները նույնպես ցանկություն ունեն, որ այս բանաձեւն ընդունվի: Բայց այժմ, այս հարցի վերաբերյալ ես նոր բան չեմ լսել, մի քանի ամիս առաջ պատգամավորներն աջակցություն էին հայտնել այս բանաձեւին, այն պետք է քննարկվեր, բանաձեւը վավերացվեր, բայց մինչ օրս ոչ մի բան  չկա»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Մաատին նշել էր, որ Եգիպտոսի խորհրդարանը լրջորեն քննարկում է Հայոց ցեղասպանության ընդունման հարցը:

Հիշեցնենք, որ եգիպտացի պատգամավոր Մուստաֆա Բաքրին խորհրդարանին եւ կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա եւ  336 պատգամավոր խորհրդարանին կոչ են արել հավանություն տալ 1915 թվականին Օսմանյան կառավարության ձեռքով 1,5 մլն հայի կոտորածը  Հայոց ցեղասպանություն կոչելու օգտին բանաձեւի ընդունման նախագծին: