Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում հարգել տարածաշրջանի մյուս երկրների մտավախությունները անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գան Շուանը՝ մեկնաբանելով Ճապոնիայի ու Կորեայի հանրապետության համագործակցությունը հետախուզական տվյալների փոխանակության ոլորտում, հայտնում է «Սինհուան»։

«Առաջնորդվելով սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպով ու ուժեղացնելով համագործակցությունը ռազմական հետախուզական տվյալների փոխանակության ոլորտում՝ այդ երկրները սադրում են առճակատում Կորեական թերակղզում, նաեւ անկայունության նոր գործոններ են բերում Հյուսիս-Արեւելյան Ասիա։ Դա հակասում է խաղաղ զարգացմանը ձգտելու ժամանակակից միտումին ու տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին»,- շեշտել է ԳԱն Շուանը։

Ճապոնիայի կառավարությունն ու Կորեայի հանրապետությունը նոյեմբերի 23-ին հաստատել են ռազմական տեղեկատվության ընդհանուր անվտանգության մասին համաձայնագրի տեքստը։ Համաձայնագիրը սահմանում է գաղտնի տեղեկությունների փոխանակության պայմանները, թույլ չտալով դրա արտահոսքը։ Առայսօր համապատասխան տեղեկությունների փոխանակությունը Տոկիոյի ու Սեուլի միջեւ իրականացվում էր միջնորդով՝ ի դեմս ԱՄՆ-ի։