Արցախի մարտական դիրքերում ծառայակցի հետ վիճաբանության ընթացքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Մեր տեղեկություններով, այս պահին զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում՝ ծանր կայուն վիճակում: NEWS.am-ի հետ զրույցում նրա համագյուղացիներից մեկը նշեց, որ Ազնավուրը 1 ամսից զորացրվելու է, նա ունի իրենից մեծ մեկ եղբայր եւ փոքր եղբայր: Ազնավուրի հարազատներն արդեն մեկնել են Ստեփանակերտ՝ նրան տեսակցելու:

Ավելի վաղ NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ  34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միեւնույն հերթափոխում:

Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջեւ առաջացել է վիճաբանություն՝  Ա.Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաեւ՝  կրակոց արձակվել Ա.Բալեյանի ուղղությամբ, որը  դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին եւ նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ:

Ա.Ներսեսյանը ձերբակալվել է: