Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը մտադիր է իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան- Մարկ Էյրոյի հետ նոր ազդակ հաղորդել Դոնբասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններին։ Նրանք Ռուսաստանի ու Ուկրաինայի իրենց գործընկերներին առաջարկել են նոյեմբերի 29-ին Մինսկում նոր հանդիպում անցկացնել այսպես կոչված «նորմանդական ձեւաչափով», հայտնել է DW–ն։
Շթայնմայերը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկարինան հավասարաչափ հասկանում են Դոնբասում ներկա իրավիճակի լրջությունը։ «Մենք կողմերին կոչ ենք անում վերջապես զգալի ավանդ ունենալ Ուկրաինայում լարվածության երկարաժամկետ թոթափում ապահովելու գործում»,- ասել է Շթայնմայերը։ Նա հավելել է, որ առաջին հերթին պետք է հակամարտության գոտուց դուրս բերել ծանր սպառազինումն ու բարելավել հումանիտար իրավիճակը։




























