ԱՄՆ Օհայո նահանգում գտնվող գործարանում շմոլ գազից թունավորվելու հետեւանքով տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել, գործարանի անձնակազմը տարհանվել է, այն ժամանակավորապես փակվել է: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Էլիրիա քաղաքի Lorain County Automotive Systems ընկերության գործարանում: Ձեռնարկության ղեկավարությունը մի շարք աշխատակիցների վատ ինքնազգացողության մասին բողոքներից հետո որոշել է անձնակազմին տարհանել:
Մարդիկ բողոքել են ուժեղ գլխացավից, կրծքավանդակի ցավից, որոշ աշխատակիցներ գիտակցության կորուստ են ունեցել:
Դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության մասնագետները ձեռնարկության շենքերում գրանցել են շմոլ գազի բարձր մակարդակ: Գրեթե 70 մարդ է թունավորվել:
Գործարանի ղեկավարությունը որոշել է այս շաբաթ ձեռնարկության աշխատանքը ժամանակավորապես դադարեցնել:




























